Կասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը

Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Նաիրի լենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

Պաղպաղակի արտադրամասում՝

— արտադրական շինությունների հատակների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

— պատերի մակերևույթների որոշ հատվածներ վնասված են եղել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից,

— առաստաղների մակերևույթը և արտադրական շինության վերևում գտնվող կառուցվածքը ապահով չի եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

— դռները անհարթ են եղել, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։

Վաֆլե կոների և քաղցրաբլիթի արտադրամասում՝

— արտադրական շինությունների հատակների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

— պատերի մակերևույթների որոշ հատվածներ վնասված են եղել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից,

— սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացում գոյացող թափոնները պարբերաբար չեն հեռացվել արտադրական շինություններից,

— թափոնները, իրենց կատեգորիաներին համապատասխան, տեղադրված չեն եղել առանձին մակնշված, սարքին վիճակում գտնվող և բացառապես այդ թափոնների ու աղբի հավաքման և պահպանման համար օգտագործվող փակվող տարողություններում,

— սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումները և գույքը պատրաստված չեն եղել սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող նյութերին ներկայացվող պահանջներին համապատասխան,

— սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սեղանները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության՝ Արագածոտնի մարզ, գ․ Աղձք, Երևան-Գյումրի մայրուղի 3-րդ գործարան հասցեում գործող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունն ամբողջությամբ և հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ վաֆլե կոների և քաղցրաբլիթի արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,- ասվում է հաղորդագրությունում:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Orer