Սպանել են քաղաքապետին․ արյունալի սպանդ՝ Էկվադորում

Էկվադորի Մանտայի քաղաքապետ Ագուստին Ինտրիագոն զինված հարձակման զոհ է դարձել, Twitter-ում հայտնել է Էկվադորի նախագահ Գիլերմո Լասսոն։

«Ցավալի լուր երկրի համար. Մանտայի քաղաքապետ Ագուստին Ինտրիագոն մահացել է հարձակման հետևանքով: Ցավակցում ենք քաղաքապետի և երկրորդ զոհի հարազատներին, ով այդ պահին ուղեկցել է նրան»,- գրել է Էկվադորի ղեկավարը։

Երկրորդ զոհի ինքնությունը Էկվադորի նախագահը պաշտոնապես չի հրապարակել։ Նա իրավապահ մարմիններին հորդորել է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները սպանության մեջ ներգրավված անձանց ձերբակալելու համար։
Երկրի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է ևս չորս մարդ, այդ թվում՝ հարձակվողներից երկուսը: Գերատեսչությունը նաեւ պնդում է, որ հանցագործներից մեկը Վենեսուելայի քաղաքացի է։

Էկվադորյան El Universo հրատարակության տվյալներով՝ հանցագործները մեքենայով մոտեցել են քաղաքական գործչին, այնուհետ զինված տղամարդը դուրս է եկել այնտեղից և կրակել քաղաքապետի և մոտակայքում կանգնած աղջկա վրա։ Ինտրիագոն հրազենից ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

 

Оставьте комментарий