«Փաստ» օրաթերթը գրում է.
Ժամանակակից աշխարհը թևակոխել է տեխնոլոգիական զարգացման մի այնպիսի փուլ, որտեղ թվային սարքավորումները դադարել են լինել ընդամենն աշխատանքային կամ հաղորդակցական օժանդակ գործիքներ և վերածվել են մարդու կենսագործունեության հիմնական միջավայրի։ Սմարթֆոնները, պլանշետները, դյուրակիր համակարգիչներն ու խելացի գաջեթները սրընթաց ներթափանցել են առօրյա կյանքի բոլոր շերտեր՝ կլանելով ժամանակակից մարդու արթուն ժամանակի գերակշիռ մասը։ Աշխատանքային պարտականություններից ու կրթական գործընթացներից մինչև ժամանց, սոցիալական շփումներ և տեղեկատվության սպառում՝ ամեն ինչ կենտրոնացել է լուսարձակող էկրանների շուրջ։
Այս համատարած թվայնացումն, անշուշտ, աննախադեպ հնարավորություններ է ստեղծել տեղեկատվության հասանելիության ու արագության տեսանկյունից, սակայն դրա հակառակ կողմում ձևավորվել է մեր ժամանակների ամենասուր, համընդգրկուն և վտանգավոր ճգնաժամերից մեկը։ Էկրանների առջև անցկացվող չափից ավելի երկար ժամանակն այլևս սոսկ կենցաղային սովորություն չէ, քանի որ այն վերածվել է հանրային առողջության լրջագույն մարտահրավերի, որը խորքային և հաճախ անդառնալի հետք է թողնում մարդու ֆիզիոլոգիական, նյարդաբանական և հոգեբանական առողջության վրա։
Գաջեթների անկառավարելի կիրառման առաջին և ամենաակնառու հարվածն ուղղվում է մարդու ֆիզիկական առողջությանը՝ առաջացնելով բազմաշերտ սոմատիկ խանգարումներ։ Մարդու տեսողական համակարգը էվոլ յուցիոն տեսանկյունից նախագծված է տարածական, հեռահար և բնական լուսավորության պայմաններում կողմնորոշվելու համար, մինչդեռ ժամեր շարունակ մոտ տարածությունից էկրանին սևեռվելը հանգեցնում է տեսողական մկանների քրոնիկական գերլարվածության։ Բժշկագիտության մեջ արդեն ամրագրված «համակարգչային տեսողական համախտանիշը» դրսևորվում է աչքի լորձաթաղանթի չորությամբ, քանի որ էկրանին նայելիս մարդը թարթում է աչքերը գրեթե երեք անգամ ավելի հազվադեպ, քան բնականոն պայմաններում, ինչին գումարվում են ակոմոդացիոն սպազմը, տեսողության սրության անկումը և վաղաժամ կարճատեսության համաշխարհային աճը։
Տեսողական խնդիրներին զուգահեռ զարգանում են հենաշարժողական ապարատի խոր դեֆորմացիաները։ Գլուխը մշտապես առաջ և ներքև խոնարհած դիրքը ողնաշարի պարանոցային հատվածի վրա գործադրում է լրացուցիչ ծանրաբեռնվածություն։ Սա հանգեցնում է միջողային սկավառակների վաղաժամ մաշվածության, օստեոխոնդրոզի երիտասարդացման, գլխուղեղի արյան շրջանառության խանգարումների, քրոնիկական գլխացավերի և կեցվածքի կոպիտ շեղումների։
Ավելին, էկրանային կենսակերպը ենթադրում է խիստ նստակյացություն, որը դանդաղեցնում է նյութափոխանակությունը, նպաստում ավելորդ քաշի կուտակմանը, սիրտանոթային համակարգի վաղաժամ հյուծմանը և նույնիսկ ինսուլինային ռեզիստենտականության զարգացմանը։
Ֆիզիկական հյուծվածությանը գումարվում է նյարդակենսաբանական ամենավտանգավոր հետևանքներից մեկը՝ քնի խաթարումը և քնի քրոնիկական խանգարումները։ Ժամանակակից էկրանների արձակած կարճալիք կապույտ լույսը, ընկնելով աչքի ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների վրա, ուղիղ ազդակ է հաղորդում գլխուղեղի հիպոթալամուսում գտնվող կենսաբանական ժամացույցին՝ ներշնչելով, թե դեռևս ցերեկ է։ Սակայն խնդիրը միայն կապույտ լույսը չէ։ Քնելուց առաջ սոցիալական ցանցերի անվերջանալի ժապավենների թերթումը, տեսախաղերը կամ տեղեկատվական հոսքերի սպառումը գլխուղեղը պահում են կոգնիտիվ և հուզական գերգրգռվածության վիճակում։ Սիմպաթիկ նյարդային համակարգը մնում է ակտիվացված, արյան մեջ բարձր է մնում սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը, ինչի հետևանքով մարդը կա՛մ տառապում է անքնությամբ, կա՛մ ունենում է մակերեսային, ընդհատվող քուն՝ զրկվելով խոր քնի փուլից, որի ընթացքում գլխուղեղը մաքրվում է օրվա ընթացքում կուտակված նյութափոխանակության տոքսիններից։ Քնի քրոնիկական դեֆիցիտն իր հերթին առաջացնում է շղթայական ռեակցիա՝ հանգեցնելով ճանաչողական ֆունկցիաների անկման, հիշողության վատթարացման, տագնապայնության, դեպրեսիվ վիճակների և հուզական անկայունության։
Այս համապատկերում առավելագույնս խոցելի և անպաշտպան խումբը երեխաներն ու դեռահասներն են, որոնց դեպքում էկրանների առջև երկար ժամանակ անցկացնելը վերաճում է կոնկրետ հոգեֆիզիոլոգիական կախվածության։ Պետք է հաշվի առնել, որ երեխայի գլխուղեղը գտնվում է ակտիվ ձևավորման փուլում։ Իսկ ուղեղի լիմբիական համակարգը, որը կառավարում է հույզերն ու հաճույքի ստացման մեխանիզմները, մանկության և դեռահասության շրջանում չափազանց զգայուն է։
Ժամանակակից թվային հարթակները, կարճ տեսանյութերի ալգորիթմները և բջջային խաղերը նախագծված են վարքաբանական հոգեբանության ամենանուրբ գործիքակազմով՝ հիմնված «արագ և էժան դոֆամինի» անընդհատ մատակարարման վրա։ Երբ երեխայի ուղեղը սովորում է նման գերարագ, ինտենսիվ և առանց ջանքի ստացվող խթանիչների, իրական աշխարհը նրա համար դառնում է դանդաղ, գունազուրկ և անհետաքրքիր։ Արդյունքում ձևավորվում է, այսպես կոչված, «պոպկորնային ուղեղի» երևույթը, երբ երեխան կորցնում է ուշադրությունը մեկ առարկայի վրա երկարատև կենտրոնանալու, երկար տեքստեր ընթերցելու, վերլուծելու և ստեղծագործական երևակայություն գործադրելու ունակությունը։ Վաղ տարիքի երեխաների մոտ գաջեթների վաղաժամ կիրառումը հանգեցնում է խոսքի զարգացման հապաղումների, աուտիստիկ սպեկտրին նմանվող երկրորդային հաղորդակցական խանգարումների և էմպաթիայի պակասի, քանի որ երեխան զրկվում է կենդանի միմիկան, ձայնի հնչերանգը և մարդկային հույզերը կարդալու կենսական փորձառությունից։ Գաջեթը երեխայից վերցնելու պահին դրսևորվող ագրեսիան, հիստերիան, տագնապն ու դատարկության զգացումը դասական «զրկանքի համախտանիշի» (աբստինենցիայի) ախտանիշներ են, որոնք վկայում են արդեն իսկ ձևավորված խորը կախվածության մասին։
Գիտակցելով այս սպառնալիքի մասշտաբները՝ աշխարհի մի շարք զարգացած երկրներ վերջին տարիներին սկսել են օրենսդրական և վարչական կոշտ քայլեր ձեռնարկել՝ փորձելով սահմանափակել երեխաների և դեռահասների հասանելիությունը սոցիալական ցանցերին կամ արգելել սմարթֆոնների կիրառումը դպրոցներում։ Թեև նման նախաձեռնությունները վկայում են պետական մակարդակով խնդրի լրջության գիտակցման մասին, այնուամենայնիվ, միայն սոցիալական ցանցերի սահմանափակումը կամ մեխանիկական արգելքները չեն կարող խնդրի ամբողջական և արդյունավետ լուծում հանդիսանալ։ Չէ որ ժամանակակից տեխնոլոգիական միջավայրում տարիքային սահմանափակումները հեշտությամբ շրջանցվում են տարբեր տեխնիկական միջոցներով կամ հենց ծնողների թողտվությամբ։ Երկրորդ՝ էկրանային կախվածությունը չի սահմանափակվում միայն դասական սոցիալական ցանցերով և ներառում է տեսախաղերը, վիդեոհոսթինգները, անվերջանալի ժամանցային հավելվածներն ու պասիվ դիտումները։ Եվ ամենակարևորը՝ եթե երեխային կամ երիտասարդին պարզապես արգելվում է մուտքը թվային հարթակ, բայց նրա իրական միջավայրում չի առաջարկվում որևէ այլընտրանք, չի փոխվում ընտանեկան մշակույթը և չի ձևավորվում թվային գրագիտություն, արգելքը միայն սրում է ներքին կոնֆլիկտը՝ պայքարելով հետևանքի, այլ ոչ թե պատճառի դեմ։
Այս համատեքստում համակարգային, խորքային և բազմաշերտ մոտեցման անհրաժեշտությունն առավել քան հրատապ է Հայաստանի համար, որտեղ խնդիրն ընդունել է տագնապալի չափեր, իսկ երեխաների, դեռահասների և երիտասարդների գերակշիռ մասը փաստացի գտնվում է գաջեթներից ու էկրաններից կախվածության մեջ։ Հայաստանյան իրականության մեջ այս ճգնաժամն ունի իր սոցիալ-մշակութային և կառուցվածքային առանձնահատկությունները։ Մեզանում չափազանց տարածված է վաղ մանկական տարիքից՝ նույնիսկ մինչև մեկ կամ երկու տարեկանը, երեխային հեռախոսի կամ պլանշետի միջոցով հանգստացնելու, կերակրելու կամ զբաղեցնելու արատավոր պրակտիկան, երբ գաջեթը ծառայում է որպես «թվային դայակ»։ Ծնողների սոցիալական ծանրաբեռնվածությունը, երկար աշխատանքային ժամերը, ինչպես նաև վաղ տարիքում էկրանների կործանարար ազդեցության վերաբերյալ տեղեկացվածության ցածր մակարդակը հանգեցնում են նրան, որ երեխան, դեռևս խոսք չարտաբերած, հայտնվում է թվային կախվածության մեջ։
Մյուս կողմից էլ՝ Հայաստանում, հատկապես մարզային բնակավայրերում և նույնիսկ մայրաքաղաքի բազմաթիվ համայնքներում առկա է երիտասարդների և դպրոցականների ազատ ժամանակի կազմակերպման, հասանելի սպորտային, մշակութային, տեխնիկական և ժամանցային ենթակառուցվածքների սուր պակաս։ Երբ երիտասարդը չունի ինքնադրսևորման, ֆիզիկական ակտիվության և առողջ սոցիալականացման հասանելի միջավայր, վիրտուալ իրականությունը դառնում է ամենահասանելի և ամենաէժան ապաստարանը։
Ստեղծված իրավիճակի հետագա խորացումը կանխելու և սերնդի ֆիզիկական ու մտավոր ներուժը փրկելու համար Հայաստանում անհրաժեշտ է հրաժարվել հատվածական կամ ձևական քայլերից և մշակել պետական, համակարգային ռազմավարություն։ Ցանկացած լուրջ համակարգային մոտեցում պետք է մեկնարկի խնդրի գիտական և փաստահեն ախտորոշումից։ Այսօր Հայաստանում փաստացի բացակայում է համապարփակ, վստահելի և տարբերակված պետական վիճակագրությունն այն մասին, թե տարբեր տարիքային խմբերի երեխաներն ու երիտասարդները օրական քանի ժամ են անցկացնում էկրանների առջև, ինչպիսին է նրանց սպառած բովանդակության կառուցվածքը, և ինչպես է դա համահարաբերակցվում նրանց շրջանում արձանագրվող տեսողական, հենաշարժողական, քնի և հոգեբանական խանգարումների հետ։
Առանց այս ախտորոշիչ քարտեզի ցանկացած միջամտություն շարունակելու է լինել անարդյունավետ։ Ուստի, առաջնահերթ քայլը պետք է լինի առողջապահական, կրթական և սոցիոլոգիական կառույցների համատեղ ուժերով համապետական հետազոտությունների իրականացումը, որը կտա իրավիճակի ճշգրիտ պատկերը՝ ըստ տարիքային շեմերի, մարզերի և սոցիալական խմբերի։ Ճշգրիտ վիճակագրության և ախտորոշման հիման վրա պետք է կառուցվի խնդրի սրությունը մեղմելու և երկարաժամկետ լուծմանն ուղղված գործողությունների շղթան, որը պահանջում է մի քանի օղակների ներդաշնակ աշխատանք։
Առողջապահական համակարգի մակարդակում անհրաժեշտ է ներդնել թվային կախվածության և էկրանային հոգնածության վաղ հայտնաբերման ուղեցույցներ մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և դպրոցական հոգեբանների համար, որպեսզի երեխայի պլանային զննումների ժամանակ գնահատվեն նաև քնի որակը, էկրանային ժամանակը և վարքային փոփոխությունները։ Կրթական համակարգում, դպրոցներում սմարթֆոնների կիրառման խելամիտ կանոնակարգմանը զուգահեռ, պետք է արմատապես վերանայվի թվային գրագիտության և մեդիագրագիտության դասավանդումը։ Երեխաներին պետք է սովորեցնել ոչ միայն օգտվել տեխնոլոգիաներից, այլև հասկանալ, թե ինչպես են աշխատում ուշադրությունը գողացող ալգորիթմները, և ինչպես պահպանել թվային հիգիենան՝ տեխնոլոգիան ծառայեցնելով որպես ստեղծագործական ու կրթական գործիք, այլ ոչ թե ժամանակի աննպատակ վատնման միջոց։
Միևնույն ժամանակ, ոչ մի պետական կամ դպրոցական ծրագիր չի կարող հաջողել առանց ընտանիքի ինստիտուտի ներգրավման և ծնողական համայնքի լայնածավալ իրազեկման։ Անհրաժեշտ են շարունակական հանրային արշավներ և ծնողական կրթության ծրագրեր, որոնք հստակ կբացատրեն, որ մինչև երկու-երեք տարեկան երեխայի համար էկրանը բացարձակապես հակացուցված է, իսկ ավելի բարձր տարիքում անհրաժեշտ են հստակ ժամային սահմանափակումներ, հատկապես՝ քնելուց առնվազն երկու ժամ առաջ և սնվելու ընթացքում։ Ծնողները պետք է գիտակցեն նաև սեփական օրինակի վճռորոշ դերը, քանի որ անհնար է երեխայից պահանջել հրաժարվել հեռախոսից մի ընտանիքում, որտեղ մեծահասակներն իրենք չեն կտրվում էկրաններից։
ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
