Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը աչքալուսանք էր տալիս, թե Ադրբեջանից բենզինի ներկրումը նպաստել է շուկայում գների անկմանը: Ավելին, նա բենզալցակայանում «համոզում էր» աշխատակցին՝ ասել, որ բենզինը էժանացել է կամ առնվազն չի թանկացել: Էկոնոմիկայի նախարարն էլ նշում էր, որ բենզինի գները նվազել են մոտ 80 դրամով կամ 15,7 տոկոսով: Եվ իսկապես, մի քանի ամիս բենզինի գները որոշակիորեն նվազեցին, բացառությամբ այն ընկերությունների բենզալցակայաններից, որոնք վառելիք են ներմուծում Եվրոպայից:

Ընտրություններն ավարտվեցին, ու ընդամենը մի քանի օր անց Հայաստանի քաղաքացիներին սպասում էր տհաճ «անակնկալ»՝ վառելիքի գներն սկսեցին աճել, և այսօր արդեն գնաճը կազմում է գրեթե 10 տոկոս: Վերոնշյալ բացառություն կազմող ընկերությունները պահպանել են նույն գները, իսկ մյուսները գրեթե մոտենում են այդ՝ առանց այն էլ բարձր գներին: Երեկվա դրությամբ պրեմիում դասի բենզինի գինը Հայաստանում 570-590 դրամի սահմաններում էր, այն դեպքում, երբ ընտրություններից առաջ մինչև 500 դրամով (որոշ օրերի նույնիսկ 470-490 դրամով) կարելի էր այդ դասի բենզին գնել (Ռեգուլ յար դասի բենզինի գինը նվազել էր մինչև 430-470 դրամ):

Հետաքրքիր է՝ ի՞նչ է փոխվել, արդյո՞ք այլևս Ադրբեջանից բենզին չի ներկրվում, թե՞ պարզապես ընտրություններն ավարտվել են, իշխանությունները հասել են իրենց նպատակին, ու նրանց այլևս ոչինչ չի հետաքրքրում՝ թեկուզ 1000 դրամի հասնի վառելիքի գինը…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Orer