Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«ՀՀ դրոշի մասին» և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագծերը այսօր՝ հուլիսի 11-ին, Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։ Գործող կարգավորումների համաձայն՝ բարձրացված ՀՀ դրոշը պետք է լինի ամբողջական, չգունաթափված և մաքուր, դրոշի ներքևի մասը պետք է գետնից գտնվի 2.5 մետրից ոչ պակաս բարձրության վրա:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում պատասխանատվություն է սահմանված դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար, մասնավորապես, տուգանքի նշանակում 30.000-50.000 դրամի չափով:
Նշված կարգավորումները տարածվում են շենքերի վրա բարձրացված դրոշների վրա: Պաշտոնատար անձանց աշխատասենյակներում և այլ վայրերում տեղադրված դրոշների պարագայում խախտումները վարչական պատասխանատվության ենթակա չեն:
Առաջարկվում է հստակեցնել դրոշին ներկայացվող պահանջները. դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջը սահմանել ընդհանուր պահանջ՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է տեղադրված այն՝ պետական նշանակության շենքի վրա, թե՝ այլ վայրում: Հստակեցվում է պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը. պահանջները խախտելու համար իրավաբանական և ֆիզիկական անձինք կտուգանվեն 30-50 հազար, իսկ պաշտոնատար անձինք՝ 70-100 հազար դրամի չափով: