Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 11-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Տիտովի փողոցի տներից մեկի բնակչից, ով հայտնել է, որ հուլիսի 10-ին, ժամը 23։00-ի սահմաններում դիմակավորված 2 անձ մտել են իր տուն, իրեն և իր կնոջը կապկպել են, ապա գողացել տանը եղած գումարն ու ոսկյա զարդեր։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դիմակավորված անձինք զենքի ցուցադրմամբ և սպառնալիքների տակ նշված տան բնակիչներ՝ ամուսիններ Հարություն Ա․-ից և Էմմա Գ․-ից հափշտակել են մոտ 13 հազար դոլար, 8 հազար եվրո, 1300 վրացական լարի և 20 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր։ Եվ իրենց ավարը վերցնելուց հետո տան տիրոջ՝ Հարություն Ա․-ին պատկանող Toyota Land Cruiser-ով դիմել են փախուստի
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Ում տուն որ մտել ու դիմակավորված ռազբոյ են արել, Երևանում հայտնի ոսկու գործ անողներից է։ Նախկինում մի անգամ էլի ռազբոյ էին արել։ Երևի՝ տեղն արել են»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։