Սպանվել է ռուսական գերությունից վերադարձած հայ դեռահասը

Հունիսի 25-ին, այսպես կոչված, Զապորոժիեի շրջանի (Ուկրաինայից գրավված է ռուսական զորքերի կողմից) վարչակազմի ղեկավար Վլադիմիր Ռոգովը հայտարարել է ուկրաինացի երկու անչափահասների սպանության մասին, գրում է ուկրաինական TCH-ը:

Նրանցից մեկը 16-ամյա Տիգրան Օգանեսյանն է, ով նախկինում գերության մեջ է եղել ռուսների մոտ (լուսանկարում՝ ձախից)։

Ռոգովը պնդում է, որ ժամը 19.00-ին, երբ մարդիկ հանգստանալիս են եղել քաղաքի ափամերձ հատվածում, երկու դեռահասներն ինքնաձիգներից կրակ են բացել։

Իրավապաշտպանները փորձում են հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Նրանց խոսքով՝ դեռահասների գործերը հետաքննվել են ժամանակավորապես օկուպացված Բերդյանսկում, Ռուսաստանի օկուպացիոն իշխանությունները որոշել էին գործերը հասցնել դատարան։

Մեկ տարի շարունակ «Երեխաների որոնողական ծառայությունը» իրավապաշտպանների հետ միասին անդրադարձել է Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից Տիգրան Օգանեսյանի և Նիկիտա Խագանովի հետապնդման պատմությանը։ Նրանք հասել էին առավելագույն հրապարակայնության և գրավել միջազգային հանրության ուշադրությունը։

Ռուսները մեղադրում էին երկու դեռահասներին Մելիտոպոլի երկաթուղու վրա դիվերսիա նախապատրաստելու մեջ։ Սակայն մինչ մեղադրանք առաջադրելը, ուժայինները մի քանի օր շարունակ խոշտանգել են Օգանեսյանին ու Խանգանովին և նրանց ընտանիքներին։

Նաև Մարդու իրավունքների մեդիա նախաձեռնության (MIHR) համակարգող Օլգա Ռեշետիլովան ավելացրել է ևս մի քանի փաստ դեռահասների մասին։ 2022 թվականի սեպտեմբերին «քննիչները» Տիգրանին առևանգել էին այն տանից, որտեղ նա ապրում էր տատիկի հետ։ Զավթիչները նրան 5 օր տանջել են։ Տատիկն ամեն օր գալիս էր բաժին ու աղաչում, որ թոռանը բաց թողնեն, բայց չթողեցին։

Քննիչները գործը նախապատրաստում էին դատաքննության։ Մեղադրանքից հետո ընկերներին բաժանել են. Նիկիտային ուզում էին մեղադրել գողության մեջ, իսկ Տիգրանին՝ դիվերսիա պատրաստելու։ Մի քանի օր առաջ դեռահասների համար հետաքննիչ է եկել զինված ուղեկցությամբ, սակայն նրանց հաջողվել է փախչել։ Եվրոխորհրդարանը Տիգրանի և Նիկիտայի վերաբերյալ բանաձև էր ընդունել և օկուպանտներից պահանջել՝ նրանց դուրս թողնել օկուպացիայից։

Սպանության նախորդ օրը տղաները գտնվում էին օկուպացիոն ոստիկանությունում։ Ընդամենը կես ժամ անց այ բանից հետո, երբ Տիգրանի մայրը խոսել է որդու հետ, նրան է զանգել քննիչն ու ասել, որ որդին սպանված է։ Մոր հետ զրույցում Տիգրանն ասել էր, որ քայլում են Նիկիտայի հետ և մտածում, թե ինչպես նշեն վերջինի ծննդյան օրը։ Այսօր՝ հունիսի 25-ին, տղան պետք է դառնար 17 տարեկան։

«Առայժմ մենք բազմաթիվ անհամապատասխանություններ ենք տեսնում փաստերի, ժամանակի, հագուստի մեջ, ծնողները դեռ չեն տեսել երեխաների դիերը, բայց երեկ երեկոյից հարազատներին տանջում են հարցաքննություններով ու խուզարկություններով: Սա հիմք է տալիս կասկածի տակ առնելու քննիչի հիմնական վարկածը, թե իբրև ոստիկանների վրա հարձակում է եղել: Ծնողները վստահ են, որ այս ամբողջ փոխհրաձգությունը, հրաժեշտի տեսանյութը բեմականացում է՝ տղաներին սպանելու համար»,- ասել է Ռեշետիլովան։

Ուկրաինայի քննչական մարմինները քրեական գործ են հարուցել երեխաների սպանության փաստով։

Оставьте комментарий