«Մարդիկ կան, ասում են՝ մեր երկրում այդպիսի վիճակ է, դուք ուրախ բաներ եք ցույց տալիս, այդ նույն մարդուն 2 ժամ հետո տեսնում ես սրճարանում, հռհռում է արդեն գինովցած». Մկրտիչ Արզումանյան

«Գրավիտացիա» մոնոներկայացումն արդեն 2 տարի բեմում է՝ լեփ-լեցուն դահլիճներով: Նախագծի հեղինակն ու պրոդյուսերը Մկրտիչ Արզումանյանն է, ով նաև մարմնավորում է գլխավոր հերոսին: Ռեժիսորը՝ Կարո Բալյանն է, սցենարի հեղինակը՝ Նարեկ Ավագյանը: Ներկայացումը բարդ է, բայց տրագիկոմեդիան Մկրտիչ Արզումանյանի սիրելի ժանրերից է։

«Գրավիտացիա»-ի ստեղծման պատմության ու անցած բարդ ճանապարհի, ամեն ներկայացումից առաջ ներքին անհանգստության ու էմոցիաների մասին Tert.am Life-ը զրուցել է դերասան Մկրտիչ Արզումանյանի հետ:

«Գրավիտացիա»-ն իմ ներքին ցասումն է

Մոնոներկայացում անելու միտքը վաղուց կար, անընդհատ հետաձգվում էր, քանի որ այդ պահին այլ նախագծերով էի զբաղված, իսկ մոնոներկայացումը պահանջում է մաքսիմալ կենտրոնացում, գերծանրաբեռնվածություն, որը տեղի ունեցավ «Գրավիտացիա»-ի շրջանակներում:

«Գրավիտացիա»-ն իմ ներքին ցասումն է, իմ խոսքը: Թեմաներն իմ մեջ եփվում էին տարիների ընթացքում, վերջապես հնարավորություն ստեղծվեց այդ ամենը կիսվել հանդիսատեսի հետ:

Կարևոր է, երբ դու քո տեսանկյունն ես բեմից ասում: Սա, իհարկե, այն ամենը չէր, ինչ կուզեի ասել, բայց եթե ամփոփեի բոլոր թեմաները, ներկայացումը կտևեր 3 օր…

Ներկայացումից 1 ամիս առաջ արդեն սկսում եմ անհանգստանալ

Երկար ժամանակ պահանջվեց մինչև եկանք ընդհանուր հայտարարի և շատ պատասխանատու էր, քանի որ առաջինն էր:

Շատ ծանր մոնոներկայացում է ստացվել, շատ էմոցիոնալ: Մյուս ներկայացումների դեպքում  անհամբեր սպասում եմ, թե հաջորդը երբ ենք խաղալու: «Գրավիտացիա»-ի դեպքում 1 ամիս առաջ արդեն սկսում եմ անհանգստանալ, որովհետև կատաստրոֆիկ ծանր նյութ է ինձ համար:

Բայց ինձ դուր են գալիս դժվար ճանապարհները, ես չեմ ուզում այնպիսի կերպար ստեղծել, որ մատչելի լինի ու գրավի լայն մասաներին:

Ինչից է սկսվում մեր անկումը. սա է հիմնական ասելիքը

Ներկայացման հերոսը ֆիզիկոս Գևորգ Համբարձումյանն է, ով Հայաստանում բազում գյուտերի  հեղինակ է: Չգտնելով իրեն հայրենիքում՝ հուսահատ որոշում է բախտը փորձել արտերկրում:

Ներկայացումը սկսվում է նրանից, որ հերոսը միջուկաջրածնային ռումբ ստեղծելու գյուտի համար Դուբայում ստանում է բարձրագույն մրցանակ գիտության ոլորտում: Նա ներկայացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը: Գյուտն ի սկզբանե արել էր Հայաստանի անվտանգության ու հարատև խաղաղության համար: Բայց, ինչ-ինչ պատճառներով նրան չեն հավատացել…

Ներկայացման միջոցով փորձում ենք հասկանալ, թե որն է մեր անկման հիմնական պատճառը: Թատրոնն, իհարկե, լուծումներ չի առաջարկում, միայն հարցեր է առաջ քաշում, բայց, եթե ինչ-որ մեկի մեջ որևէ հետք թողնի, կարծում եմ, մեր խնդիրը կատարված կլինի:

Մենք բազում սխալներ ունենք, որոնց վրա պիտի աշխատենք, ներկայացումը հենց այս մասին է: Մենք չենք տեսնում իրական վտանգը, գնում ենք այլ ճանապարհով, հետևություններ չենք անում մեր սխալներից ու մեր մեծ ու փոքր ձեռքբերումները, ցավոք, կորցնում ենք: 

Երբ սխալները հումորով ես մատուցում, ավելի ճիշտ է տեղ հասնում

Ներկայացման մեջ քաղաքական թեմաներով հատվածները շատ ուժեղ և ուրախ են ստացվել: Հետաքրքիր ոճով է մատուցված: Երբ սխալները գեղարվեստորեն ես մատուցում, հումորի միջոցով, դիմացինը ոչ միայն չի նեղվում ճիշտ խոսքից, այլ նաև հետևություններ է անում:

Կարծում եմ, ճիշտ չափաբաժնով նախատեսված ասելիքն ու մարդուն հասցնելը ավելի դժվար է, հետաքրիր ու էֆեկտիվ, քան միանգամից ուղիղ ասել, որ դու սխալ ես: Մեր գործը դա չէ:

Մարդիկ գալիս են սև, մոխրագույն, դժվար կյանքից մի փոքր շնչելու, կտրվելու: Առանց դրա հնարավոր չէ:

Մարդիկ կան, ասում են՝ մեր երկրում այդպիսի վիճակ է, դուք ուրախ բաներ եք նկարահանում, ցույց տալիս: Ես կուզեի այդ մարդկանց դեմքը տեսնել, եթե նրանք 24 ժամ պահում են այդ լրջությունն ու վիշտը, ես համաձայն եմ, կասեմ՝ ազնիվ մարդ է: Բայց այդ նույն մարդուն 1-2 ժամ հետո տեսնում ես սրճարանում, հռհռում է արդեն գինովցած: Հասկանում ես, որ այդ մարդը պարզապես խաղում է:

Ոգևորված աշխատում ես, բայց տեսնում եթերն ու հասկանում, որ իմաստ չուներ

Տևական ժամանակ է, չեմ կարողանում համակերպվել հեռուստատեսային գովազդների հետ, որը դերասանը պարտադիր պետք է մատուցի, իսկ եթե դա չլինի, չի լինի նախագիծը: Ես ընտրել եմ դա չանելու տարբերակը, որովհետև չգիտես ինչի մասին է այդ պատմությունը, ինչ ես խաղում, քեզ թվում է լավ բան ես ստեղծում, կերպարի վրա ոգևորված աշխատում ես, բայց տեսնում ես եթերն ու հասկանում, որ իմաստ չուներ:

Առայժմ մի քիչ հանգստանում եմ հեռուստատեսությունից, եթե չկա ավելի լուրջ և ուժեղ առաջարկ, զբաղվում եմ թատրոնով:

 Միակ խնդրանքս է հանդիսատեսից՝ առավել ուշադիր լինեն թատրոնի նկատմամբ

Կան նոր մտքեր նոր ներկայացման համար: Գերծանր կերպար է լինելու, դեռ բանալիներն եմ փորձում գտնել այդ կերպարին մոտենալու համար, քանի որ տեխնիկապես ևս շատ ծանր է իրականացնելը:

Բայց գնացել եմ այդ ճանապարհով, եթե մի բան ինձ ոգևորում է, նշանակում է փոխանցելու եմ հանդիսատեսին: Իսկ հանդիսատեսը, կարծում եմ, անընդհատ նոր բան է սպասում ինձանից:

Միակ խնդրանքս է հանդիսատեսից, որ առավել ուշադիր լինեն թատրոնի նկատմամբ, որովհետև այստեղ իսկական արվեստն է, իրական էմոցիաները:  

Оставьте комментарий